Կրեմլը չի տիրապետում Ռուսաստանի կողմից Իրանից անօդաչուների գնման մասին տեղեկությանը, բոլոր հարցերը կարելի է ուղղել Պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ, մենք նման տեղեկություն չունենք, օգտագործվում է ռուսական տեխնիկա, դուք գիտեք դրա մասին, ռուսական անվանումներով, մնացած բոլոր հարցերը կարելի է ուղղել Պաշտպանության նախարարությանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն, որը մասնակցում է ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Լյուքսեմբուրգում, հայտարարել էր, որ Եվրամիությունը հետաքննություն կանցկացնի՝ պարզելու արդյոք ՌԴ-ն Ուկրաինայում կիրառում է իրանական հարվածային անօդաչուները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Իրանից մարտական անօդաչուներ գնելու թեման արհեստականորեն տարածել են ամերիկյան լրատվամիջոցներում։




























