Արաբական Միացյալ Էմիրությունները Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելին մեղադրել է անցյալ շաբաթ «ռասիստական» արտահայտությունների մեջ եւ ԵՄ պատվիրակության ներկայացուցչին հրավիրել ԱԳՆ, գրում է Politico-ն։
ԱՄԷ ԱԳՆ-ն դատապարտել է Բորելի հակասական արտահայտությունները, որոնցում նա Եվրոպան համեմատել է այգու, իսկ մնացած աշխարհը ջունգլիների հետ՝ հայտարարելով, որ դրանք «անտեղի են եւ խտրական» եւ «նպաստում են անհանդուրժողականության եւ խտրականության մթնոլորտի վատթարացմանն ամբողջ աշխարհում»:
ԱԳՆ-ն պահանջել է Բորելի մեկնաբանությունների գրավոր բացատրությունը եւ կանչել է ԱՄԷ-ում ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Պաուլսենին:
Անցյալ շաբաթ Բրյուգում Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացմանն իր ելույթում Բորելն ասել էր.
«Այո, Եվրոպան այգի է, մենք այգի ենք կառուցել…Մնացած աշխարհի մեծ մասը ջունգլիներ է, իսկ ջունգլիները կարող են ներխուժել այգու մեջ»: Բորելն ասել է, որ պատ կառուցելու փոխարեն, դիվանագետները պետք է «գնան «ջունգլիներ»:
Բորելը փորձել է արդարանալ՝ պնդելով, որ իր ուղերձը ռասիստական էր կամ գաղութատիրական։ Նա վստահեցրել է, որ մտադիր էր մերժել «Եվրոպայի ամրոցի» գաղափարը եւ դրդել ուսանողներին աշխարհի հետ համագործակցել։





























