Արաբական Միացյալ Էմիրությունները կարծում է, որ ՕՊԵԿ+-ը ճիշտ տեխնիկական ընտրություն է կատարել, երբ համաձայնել է կրճատել արդյունահանումը, եւ միաձայն որոշումն ընդհանուր ոչինչ չունի քաղաքականության հետ: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին, փոխանցում է Reuters-ը։

«Մենք լիովին վստահում ու հավատում ենք ՕՊԵԿ-ի եւ ՕՊԵԿ+-ի տեխնիկական արժանահավատությանը: Մենք միշտ հանդիպում եւ քննարկում ենք փաստերը, որոնք հիմնված են շուկայի մեր վերլուծության վրա, եւ այն բանի վրա, թե ինչպես կարող ենք բոլորս մեր ներդրումն ունենալ առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելու ճիշտ միջոցներ ձեռնարկելու մեջ, եւ այդ որոշումը միշտ միաձայն է ընդունվում, եւ վերջին որոշումը ընդունվել է նույն տրամաբանությամբ,- ասել է Մազրուին,- Ես կցանկանայի կրկնել, որ ՕՊԵԿ-ում մեր կայացրած ցանկացած որոշման մեջ քաղաքական ոչինչ չկա»:

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ այս քայլը սուր քննադատության է արժանացել Բայդենի վարչակազմի կողմից, որն ասել է, որ դա «հետեւանքներ» կունենա Էր Ռիադի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա:

ԱՄՆ-ն ընդգծել է, որ այս կրճատումը «կբարձրացնի Ռուսաստանի արտաքին եկամուտը եւ կնվազեցնի պատժամիջոցների արդյունավետությունը»:

Մազրուին ասել է, որ ՕՊԵԿ+-ի որոշումը կայունացրել է գները, այլ ոչ թե բարձրացրել դրանք՝ հավելելով, որ կայունության բացակայությունը վանում է ներդրողներին:

«Գները կայունացել են, եւ իրականում, եթե նայեք 2021 թվականի հոկտեմբերին՝ նախքան բոլոր ճգնաժամերը, աշխարհաքաղաքական, ապա կտեսնեք, որ մենք գտնվում ենք նույն գնային միջավայրում»,- ասել է նախարարը։ Նա մտահոգություն է հայտնել, որ շատ նավթարդյունահանողներ կորցրել են կարողությունները ներդրումների բացակայության պատճառով։