Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կասեցնել իրավապաշտպան ամուսիններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործով վարույթը։ Սակայն այս որոշումը Յունուսներին չի ազատում քրեական հետապնդումից, գրում է Turan-ը։  

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը ձերբակալվել էին 2015 թվականի ամռանը՝ տնտեսական հանցագործությունների եւ հայրենադավության մեղադրանքով։

2015 թվականի օգոստոսի 13-ին Լեյլա Յունուսը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման։ Ամուսինները հերքել են մեղադրանքը՝ հայտարարելով գործի քաղաքական բնույթի մասին։

Միջազգային կազմակերպությունների բողոքից հետո 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Յունուսների պատիժը փոխարինել է 5-ական տարվա պայմանական ազատազրկմամբ։

2016 թվականի ապրիլի 19-ին դատարանի համաձայնությամբ ամուսինները բուժման նպատակով մեկնել են Ադրբեջանից։ Նույն թվականին Գերագույն դատարանը գործը վերադարձրել է  վերաքննիչ դատարան, սակայն դատապարտյալների բացակայության պատճառով նիստը հետաձգվել է։

Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը կասեցրել է գործի վարույթը՝ Յունուսների բացակայությամբ պայմանավորված  գործը քննելու անհնարինության պատճառով։

Փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով՝ պաշտպանական կողմը պնդել է, որ գործը ամբաստանյալների մասնակցությամբ քննարկվի առցանց։  

Ինչպես պարզաբանել է փաստաբանը՝ չնայած գործի կարճմանը, Յունուսների նկատմամբ քրեական հետապնդումը չի վերացվել։

Դատական ​​վարույթը կարող է վերսկսվել, եթե նրանք ժամանեն Ադրբեջան կամ եթե պահանջ ներկայացվի նրանց արտասահմանում կալանավորելու եւ Ադրբեջան արտահանձնելու համար։

Նշենք, որ Յունուսները քաղաքական ապաստան են ստացել Նիդեռլանդներում։