Այս շաբաթ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համալրվեց նոր անդամ կազմակերպություններով։ Միության անդամների թիվը 55-ից դարձավ 63: Միությանն են միացել «Թասկ», «Սեվեն Սմարթս», «Էմ Էքս Պրոմերվ», «Քոմփթեքարմ», «Աստրոմափս», «Էլեմենտ Սիիքսայ առ ընդ դի» ընկերությունները, Գյումրու Տնտեսական Զարգացման հիմնադրամը, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
ԻՏՁՄ անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպություններն են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առևտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
Ներկայումս Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում գործում է շուրջ 300 ընկերություն, որոնց միավորող ամենախոշոր կառույցը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ միությունը ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով, իսկ միությունն ու դրա անդամակցող ընկերությունների համատեղ գործունեությունը ուղղված է Հայաստանն ապագայում որպես զարգացած եւ առաջատար տեխնոլոգիական երկիր տեսնելուն։
Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ։ Միության անդամ ընկերությունների ամբողջական ցանկցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։




























