Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդը Ուկրաինայի արտգործնախարար  Դմիտրի Կուլեբայի հետ կքննարկի իսրայելական համակարգեր մատակարարելու վերաբերյալ Կիեւի խնդրանքը, գրում է Times of Israel-ը։

Ավելի վաղ Կուլեբան ասել է, որ պաշտոնական հարցում կուղարկի Իսրայելին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար։

Անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Ynet լրատվական կայքին ասել է, որ կասկածում է, որ բանակցությունները կփոխեն Իսրայելի դիրքորոշումը:

Իսրայելը խուսափում է  Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց։ 

Սակայն երկրի սփյուռքի նախարար Նաչման Շայը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել՝ կարծիք հայտնելով, որ Իսրայելը պետք է փոխի իր դիրքորոշումը այն լուրերի ֆոնին, որ Իրանը, իբր, Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում: «Այլեւս կասկած չկա, թե Իսրայելն ինչ դիրքորոշում պետք է որդեգրի այս արյունալի հակամարտությունում։ Եկել է ժամանակը, որ Ուկրաինան ստանա ռազմական օգնություն, ինչպես դա անում են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները»,-ասել է նա։

Իսրայելի կառավարության աղբյուրները շեշտել են, որ Շայի այս մեկնաբանությունը չի արտացոլում կառավարության քաղաքականությունը, քանի որ Իսրայելն այդ հարցով որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել։