Չինաստանի Սինձյան Ույգուրական ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 1-5-ին տեղի է ունենալու «Չինաստան-Եվրասիա» առաջին ցուցահանդեսը, որի շրջանակներում անցկացվելու է «Եվրոպական յուրահատուկ սննդամթերքների եւ գյուղատնտեսական ապրանքների զարգացման ցուցահանդեսը», որին հրավիրված է մասնակցելու նաեւ ներկայացուցիչներ Հայաստանից:

Ցուցահանդեսը միտված է բարձրացնելու եվրոպական արտադրության յուրահատուկ գյուղատնտեսական ապրանքների ճանաչելիությունը չինական սպառողների շրջանում, ինչպես նաեւ հարթակ ստեղծելու տվյալ ոլորտում համագործակցության համար:

«Եվրոպական յուրահատուկ սննդամթերքների եւ գյուղատնտեսական ապրանքների զարգացման ցուցահանդես»-ի կազմակերպիչներն են հանդիսանում` ՉԺՀ կոմերցիայի նախարարությունը իսկ գործադիր կազմակերպիչը` GENETEC International Advertising and Exhibition Co.Ltd-ն: Վերոնշյալ ցուցահանդեսի հայկական կողմի մասնակցության կազմակերպիչն է հանդիսանում Զարգացման հայկական գործակալությունը:

«Եվրոպական յուրահատուկ սննդամթերքների եւ գյուղատնտեսական ապրանքների զարգացման ցուցահանդես»-ին մասնակցում են երկու հայկական ալկոհոլ արտադրող ընկերություններ` «Երեւանի կոնյակի գործարանը» եւ «Պտղնի Գոլդ» ընկերությունը, իսկ «Չինաստան-Եվրասիա» առաջին ցուցահանդեսին մասնակցում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն: