«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության անդամները ցնցված են այն հանգամանքից, թե ինչպես են Նախիջեւանում անվտանգության ծառայության աշխատակիցները հետապնդում լրագրողներին, որոնք փորձում են պարզել երիտասարդ Տուրչան Զեյնալովի մահվան հանգամանքները կալանավորվելուց հետո, ինչպես նաեւ եւս չորսի անհետացումը, ովքեր կանչվել են Նախիջեւանի Ազգային անվտանգության նախարարություն հարցաքննության:

«Նորությունների գրեթե բոլոր աղբյուրները վերացնելուց հետո, Նախիջեւանի անվտանգության ծառայությունն ոտնահարում է մարդու իրավունքներն աներեւակայելի միջոցներով`լիակատար թողտվության պայմաններում»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում, հայտնում է Contact.az-ը:

«Մի քանի անկախ լրագրողներ աշխատում են շրջանում մեծ ճնշումների ներքո: Հարցաքննության հրավիրված  չորս մարդու անհետացումը եւ եւս մեկի մահը  մեծ փորձություն են Ադրբեջանի կառավարության համար, որը ստորագրել է Մարդու հիմնարար իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ ԵԽ եւ ԵԱՀԿ անդամ է: Եթե Ադրբեջանը ցանկանում է ցուցաբերել հարգանք իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների նկատմամբ, ապա պետք է անհապաղ սանձի շրջանային իշխանություններին»,- ասվում է հայտարարությունում:

Turan գործակալության լրագրողուհի Մալահաթ Նասիբովային վիրավորանք է հասցրել Նախիջեւանի անվտանգության նախարարության  աշխատակիցը, նրան նաեւ մեղադրել են «ազգի թշնամիների» հետ համագործակցության մեջ: Դրանից հետո նա հրավիրվել է անվտանգության նախարարություն հարցաքննության, սակայն չի ներկայացել: «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել նրա անվտանգության կապակցությամբ:

Զեյնալովը չի վերադարձել օգոստոսի 24-ին Նախիջեւանի անվտանգության նախարարություն կանչվելուց հետո: Հաջորդ օրը նրա հարազատները եկել են նախարարություն  եւ իմացել, որ նա մահացել է: Նրա մարմինը, գլուխը եւ դեմքը ամբողջությամբ պատված էր կապտուկներով, ինչը վկայում է դաժան ծեծի ու կտտանքների մասին: Սակայն Նախիջեւանի ազգային անվտանգությունը մեղադրել է երիտասարդին Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ, եւ հայտարարել է, որ նա մահացել է «քաղցկեղից»: