Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել «ապասառեցնել» Մուամար Քադաֆիի հաշվեհամարի վրա եղած 500 մլն եվրոն (722 մլն դոլար) եւ տրամադրել ապստամբներին:
Այդ ընթացքում Անցումային ազգային խորհրդին 16 մլն եվրո (23 մլն դոլար) է փոխանցել Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, հայտնում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլատրել է Մեծ Բրիտանիային «ապասառեցնել» Քադաֆիի եւ նրա մերձավորների հաշվեհամարներում առկա 1,6 մլրդ դոլարը եւ փոխանցել այն Լիբիային: Այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արաբական երկրում սկսվել է պարենային ճգնաժամ: Մինչ այդ նման հայտարարությամբ հանդես էր եկել ԱՄՆ-ը:
Մինչդեռ Ռուսաստանն առաջ է քաշել իր պայմանները «ապասառեցելու» հետ կապված` պահանջելով, որ բոլոր միջոցները ծախսվեն միայն հումանիտար կարիքների վրա:
Քադաֆիի հաշվեհամարներում սառեցված ընդհանուր գումարը 2011թ. մարտի դրությամբ գնահատվել է 30 մլրդ դոլար, հայտնում է Lenta.ru-ն:



























