Սաուդյան MBC Group մեդիաընկերությունը, որը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առաջատար հեռարձակողն է, հինգ տարվա պայմանագիր է կնքել թուրքական Medyapim եւ Ay Yapim ստուդիաների հետ: Այսպիսով, թուրքական հեռուստասերիալների արգելքը, որը գործում էր 2018 թվականից, հանվել է, գրել է The Variety-ն։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական բովանդակությունը մեծ ժողովրդականություն է վայելում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի լսարաններում»,- ասել է MBC Group-ի գործադիր տնօրեն Սեմ Բարնետը:
Նա նշել է, որ հեռուստադիտողներին հասանելի կլինեն թուրքական հեռուստատեսային հիթերը, իսկ ստուդիաները խոստանում են նաեւ արաբերեն սերիալներ արտադրել։
Չորս տարի առաջ MBC Group-ն իր ալիքներից հանել էր թուրքական հայտնի սերիալները։ Պաշտոնական հայտարարություն չէր եղել, սակայն թերթը ենթադրում է, որ դա պայմանավորված էր Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի լարված հարաբերություններով։ Բացի այդ, այս քայլը խթան է հանդիսացել տեղական բովանդակության ստեղծման համար: «Այդ ժամանակվանից թուրքական մի քանի սերիալներ աստիճանաբար վերադարձել են MBC-ի եթեր։ Բայց այս գործարքը նշանավորում է քաղաքականության ամբողջական շրջադարձ»,- գրում է The Variety-ն:




























