Անչափահասների նկատամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով այսօր` օգոստոսի 31-ին հարցաքննվել է 1 վկա։ Մինչ այսօր հարցաքննվել է 10 տուժողներից 7-ը:
Ամերիկահայ գործարարի մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր «Մեթըլ Փրինս» ընկերության ղեկավար, 69-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։
Նրա դեմ դատական գործընթացը դեռեւս ապացույցների հետազոտման ու տուժողների հարցաքննության փուլում է։ Դռնփակ դատական նիստի ժամանակ դատաքննության կողմերը դիտում են որպես ապացույց ներկայացված տեսանյութերը, այնուհետեւ հարցաքննում ժապավեններում եղած տուժողներին։
Այսօր դատարանում հարցաքննված տուժողն այն երիտասարդն է, ով երեկ դատարան էր ներկայացել Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող մեքենայով: Նա 20 տարեկան է, սակայն հանցագործության կատարման ժամանակ նա 16-17 տարեկան տղա է եղել։ Տուժողը չի հերքել, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իրեն ժամանակ առ ժաանակ գումարներ է տվել։
ՀՀ Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Արամ Ամիրզադյանը տուժողի մոտ կաշկանդվածություն է նկատել․ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում եւ դատարանի դահլիճում տուժողը իրար հակասող տեղեկատվություն է տվել։ Նա կտրուկ հրաժարվել է, որ սեռական հարաբերություն է ունեցել մեղադրյալի հետ, թեեւ տեսանյութում տուժողի դեմքը երեւացել է։ Սակայն Սերոբ Տեր-Պողոսյանն ինքն է ասել, որ իր, տուժողի եւ մեկ այլ տուժողի միջեւ սեռական հարաբերություն եղել է։
Արամ Ամիրզադյանը նշեց, որ նախաքննության ու նաեւ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տուժողներին ընդհանուր առմամբ մոտ 25 հազար դոլար է տվել։
«Ըստ տուժողների՝ ստիպողաբար չի եղել, բայց տուժողներ կան, որոնք չեն հրաժարվում, որ ունեցել են ֆինանսական կախվածություն», - նշեց նա։
Հավելենք, որ դատական նիստերին տուժողներն ու նրանց ծնողները գալիս են «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող մեքենաներով եւ ընկերության աշխատակիցների ուղեկցությամբ։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վաղը նույնպես կլսվի Սերոբ Տեր-Պողոսյանի դատական գործը։ Հաղորդում է «Ազատությունը»:



























