Վայքի ծննդատանը տեղի ունեցած սարսափելի դեպքի վերաբերյալ տեսանյութի ինտերնետում հայտնվելուն պես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` խնդիրն ուսումնասիրելու եւ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը, որը միաժամանակ հանդիսանում է նորածնային վերակենդանացման ծառայության ղեկավարը, նախարարին ներկայացրել է մանրամասներ նորածնի հետ կապված:
Երեխան ծնվել է Վայքի ծննդատանը, օգոստոսի 14-ին երեկոյան ժամը 11-ին, ծանր վիճակով, որի կապակցությամբ տեղեկացվել է գլխավոր մասնագետը եւ արագ արձագանքման ծառայության միջոցով նորածինը մի քանի ժամվա ընթացքում տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ (ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված ընթացակարգին համապատասխան):
Նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնյաները (Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, Առողջապահական ծրագրերի եւ որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանը, Մայրության եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գ.Ավագյանը) եղել են «Մուրացան» ԲԿ-ում, տեղում իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ միջացառումներ ձեռնարկելու համար: Վայքի ծննդատնից արդեն իսկ պահանջվել են բժշկական փաստաթղթերը դեպքի վարման մասնագիտական գնահատման եւ համապատասխան եզրահանգման համար:
Նշենք նաեւ, որ ներկայումս Վայոց ձորում է ՀՀ ԱՆ որակի կառավարման բաժնի պետ Կարեն Ավագյանը, դեպքի հետ կապված մանրամասներին տեղեկանալու եւ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու նպատակով:
Գլխավոր նեոնատոլոգի գնահատմամբ երեխայի վիճակը ներկայումս ծայրահեղ ծանր է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները նորածնի բուժօգնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
ԱՆ պաշտոնական տեսակետը երեւույթի վերաբերյալ կլինի մասնագետների կողմից բուժօգնության կազմակերպման գործընթացի եւ մասնագիտական վարման գնահատականից հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարում է, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, երեխայի գլուխն արդեն երեացել է, իսկ բժշկուհին հեռախոսով ասում է մի քիչ էլ դիմացեք. Նա ցուցում է տվել անալգին դեմիդրոլ սրսկել:
«Հիվանդանոցում մեզանից են ուզում ձեթ, թել, խողովակ եւ այլ անհրաժեշտ պարագաները: Ինչո՞ւ պատրաստ չէին, ինչու անգամ թթվածին չունեին: Բժշկուհին երեխային թողել է սեղանին եւ ասել, թող մահանա: Նա ասել է. «Ես գնում եմ, երբ երեխան մահանա, կզանգեք, գամ տեսնեմ, թե ինչու թոք չունի: Դա բժի՞շկ է»,- վրդովված պատմել են հարազատներն ու հավելել. «Ծննդաբերությունից 1 ժամ անց, նոր թթվածին են հասցրել, երեխան սկսել է շնչել, տեղափոխել ենք Երեւան: Այստեղ բժիշկներն ասել են, որ սա դժվար ծնունդի արդյունք է: Նկարել են երեխային եւ ուղարկել Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ ուղեղի հարվածից արյան զեղում է տեղի ունեցել եւ հնարավոր չի արդյունք ստանալ»:
Բժշկուհին ինձ ահ է տալիս, որ եղբայրս ԿԳԲ-ում է աշխատում, նրան կասեմ` տանդ զենք կգցեն քեզ կբռնեն, եթե բողոքես: Թող անեն. 6 տարի թուրքի դեմ եմ կռվել, 6 տարի էլ սրանց դեմ կկռվեմ»,- նշել է երեխայի հարազատներից Ավետիք Իխպիարյանը:



























