Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Մոսկվա-Նախիջեւան ուղղությամբ ավիափոխադրողների թիվն ավելանա: Ինչպես հաղորդում է «ԱվիաՊորտ»-ը, Ադրբեջանի պետական քաղավիացիայի վարչակազմի տնօրեն Արիֆ Մամեդովի` ռուսական ավիաիշխանություններին ուղղված  նամակում նշում է, որ իբր, դա «կարող է բացասաբար ազդել այն ավիաընկերությունների ֆինանսական վիճակի վրա, որոնք արդեն այդ ուղղությամբ ավիափոխադրումներ են իրականացնում»:

Բացի այդ, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Մոսկվա-Նախիջեւան ուղղությամբ ավիափոխադրումներին խոչընդոտում է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը»:

Մասնավորապես, Մամեդովի նամակում նշվում է. «Նախիջեւանը ամբողջապես մեկուսացած է Ադրբեջանից եւ չունի նրա հետ ցամաքային կապ: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք դեպի Նախիջեւան կատարվող բոլոր թռիչքները եւ նպատակահարմար չենք համարում եւս մեկ ավիաընկերության կողմից այդ ուղղությամբ թռիչքների իրականացումը` այսրօպեական տնտեսական օգուտի համար»:

Նշենք, որ այսօրվա դրությամբ Մոսկվայից Նախիջեւան թռիչքներ է իրականացնում «Յուտէյր» ավիաընկերությունը: Բացի այդ, աշնանը մտադիր էր չվերթներ իրականացնել նաեւ «Ռուսլայն» ընկերությունը: