Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հինգշաբթի ստացել է Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարացնելու մասին օրինախագիծը, հայտնում է Անատոլիական գործակալությունը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված փաստաթղթում ասվում է, որ թուրք զինվորականները շարունակում են իրենց ներդրումն ունենալ Ադրբեջանի դեօկուպացված տարածքներում կայունության ապահովման համար՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված։
«Թուրքիան այսօր էլ զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ու ամրապնդման, ինչպես նաեւ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման գործում»,- ասվում է փաստաթղթում։
Օրինագծի համաձայն՝ Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատը նախատեսվում է երկարացնել մեկ տարով՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 17-ից։





























