Սպիտակ տունը հայտարարել է այն «ապացույցների» մասին, որ իրանցի զինվորականները «անմիջապես գետնի վրա են գործում» Ղրիմում՝ աջակցելով «ռուսական անօդաչու սարքերի հարձակումներին Ուկրաինայի ենթակառուցվածքների եւ քաղաքացիական բնակչության վրա», հաղորդում է AP-ն:

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ Իրանը «համեմատաբար փոքր թվով» զորքեր է ուղարկել Ղրիմ՝ իբր «որպեսզի օգնի ռուսական զորքերին իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի արձակման հարցում»։

«Մենք տեղեկություններ ունենք, որ իրանցիները հրահանգիչներ եւ տեխնիկական աջակցություն են տեղակայել Ղրիմում, բայց օդաչուները ռուսներ են»,- ասել է Քիրբին: Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը եւ ուղիներ է փնտրելու Ռուսաստանին նման զենք վաճառելը դժվարացնելու համար։