Թուրքիան կարող է ռուսական նավթը գնել եւ տեղափոխել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման, ասել է Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին։

Նեբաթին հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որպեսզի մասնակցի «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի կառավարիչների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ամենամյա հանդիպումներին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրք գնորդները կհետեւեն «Մեծ յոթնյակի» երկրների պահանջներին ռուսական նավթի շեմային գնի վերաբերյալ, Նեբաթին ասել է, որ «շեմային գինը դեռ գործողության մեջ չի մտցվել»։

«Մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք մեր պահանջները բավարարելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ ամեն ինչ անենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- Նեբաթիի խոսքերը մեջբերել է Dünya թերթը։

Հայտարարելով, որ «Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է գնել եւ տեղափոխել ռուսական նավթն առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման», Նեբաթին ասել է, որ «որեւէ պատժամիջոց մտցնելու դեպքում Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները՝ ստեղծելու մեխանիզմներ, որպեսզի հարմարվի նոր իրավիճակին՝ չխախտելով ոչ մի պատժամիջոց»։

Մեկնաբանելով կառավարության տնտեսական տեսլականը՝ Նեբաթին ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է իրականացնել տնտեսական վերափոխումներ, որոնք Թուրքիան կվերածեն արտադրական կենտրոնի։

«Մենք հաշվարկել ենք այնպես, որպեսզի այս գործընթացը շատ ցավագին չլինի։ Հենց պատերազմն է (իրավիճակն Ուկրաինայում) սաստկացրել ցավի ինտենսիվությունը»,- ասել է նախարարը։