Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր ընդունել են «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի նախագահ Միխայիլ Օսեևսկիի գլխավորած պատվիրակությանը։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, հանդիպմանը քննարկվել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ռազմավարական նոր նախագծերն ու ներդրումային նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին, մասնավորապես, տվյալների մշակման կենտրոնի շինարարությանը:
Քննարկվել են նաև Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ պետական կառույցների հետ տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններին։





























