Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վատթարացման համատեքստում Անկարան որոշել է սատար կանգնել պաշտոնական Ռիադին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է ճնշում գործադրի Սաուդյան Արաբիայի վրա այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+ նավթ արտադրող պետությունները հայտարարել են արդյունահանման քանակի կրճատման մասին՝ չնայած ԱՄՆ-ի առարկություններին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք տեսնում ենք, որ երկիրը սպառնում է Սաուդյան Արաբիային, հատկապես վերջին շրջանում։ Նման հետապնդումը ճիշտ չէ»,- Թուրքիայի հարավում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Չավուշօղլուն։
Նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ ասել էր, որ ՕՊԵԿ+-ի հայտարարությունը «հետեւանք կունենա Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա»:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բն Ֆարհանն ասել է, որ ՕՊԵԿ+-ի որոշումը զուտ տնտեսական է եւ միաձայն ընդունվել է անդամ պետությունների կողմից:
«Մենք ճիշտ չենք համարում, որ ԱՄՆ-ն սա օգտագործի որպես Սաուդյան Արաբիայի կամ որեւէ այլ պետության վրա ճնշում գործադրելու միջոց», - ասել է Չավուշօղլուն:
Նավթ ներկրող Թուրքիան այս տարի ձգտել է կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, որոնք խզվել էին 2018 թվականին՝ Ստամբուլի թագավորության գլխավոր հյուպատոսությունում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: Թուրքիան այժմ, հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ, արտաքին ֆինանսական աջակցության կարիք ունի՝ իր թուլացած տնտեսության համար։
Ապրիլին Էրդողանը բանակցություններ է ունեցել թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բն Սալմանի հետ՝ հակառակ նախկինում Խաշոգջիի սպանության գործով թուրքական դատավարությունից հրաժարվելուն։




























