Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել ֆրանսահայ մի խումբ կին հասարակական գործիչների հետ։
«Փարիզում ընթրեցի ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ։ Մասնակցում էին՝ Անահիտ Տոնապետյանը՝ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության դասախոս, Քլեր Մուրադյանը՝ քաղաքագետ, պատմաբան, Մարինա Դեդեյանը՝ գրող, լրագրող, Կորին Զարզավանջյանը՝ արվեստագետ, դերասանուհի եւ Նադիա Գործունյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրենը։
Մեր ընթրիքը թեեւ Փարիզի կենտրոնում էր, բայց հեռու էր ֆրանսիական խիստ բարեկրթության եւ զսպվածության ոճից։ Շատ հայկական, թեժ եւ կրքոտ խոսակցություն ստացվեց։ Ֆրանսիացի անձնակազմի մոտ թերեւս հարց կառաջանար՝ այդ ի՞նչն է, որ իրար մեջ չեն կարողանում կիսել հայոց տիկնայք փափկասուն։ Իսկ մենք փորձում էինք հասկանալ՝ այդ ի՞նչն ենք սխալ անում Հայաստանում եւ Սփյուռքում, որ մեր փոքրիկ եւ թանկ Հայրենիքի վերքերը ավելանում ու ավելանում են, ապաքինվելու փոխարեն»,- գրել է Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Ելիսեյան պալատում:





























