Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն Telegram-ի իր ալիքում, հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջեւ։ Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Նշենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սա երկու նախարարների երկրորդ խոսակցությունն է։ Շոյգուն Օսթինի հետ քննարկում էր ունեցել հոկտեմբերի 21-ին կայացած զրույցի ժամանակ, որից հետո Պենտագոնը հայտնել էր, որ Օսթինը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է կողմերի միջեւ կապի ուղիների պահպանման կարեւորության մասին։
Նշենք նաեւ, որ այսօր Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ։ Այս զրույցների ընթացքում ռուս նախարարը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ։



























