Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին ծաղրել է ԵՄ պատժամիջոցները, եւ եվրոպացիներին առաջարկել բռնագրավել իր ակտիվներն արտասահմանում փայտածուխ գնելու նպատակով, հաղորդում է Tasnim-ը:

Նշենք, որ ԵՄ-ն Բաքերիին ներառել է «սեւ ցուցակում»՝ իբր Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։

Գեներալ-մայորը նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նույն սխալն է թույլ տվել՝ 2019 թվականի նոյեմբերին իրեն սեւ ցուցակում ընդգրկելով։

«ԱՄՆ-ի եւ նրա կոհորտայի՝ մասնավորապես Եվրամիության զայրույթը, իհարկե, հասկանալի է»,- ասել է նա՝ հավելելով, որ 1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  Իրանի զինված ուժերը միշտ պատժամիջոցների սպառնալիքը վերածել են հնարավորության։

Նրա խոսքով, եթե նախկինում օտարերկրացիներն իրանցի զինվորներին զրկում էին փշալարից, ապա այժմ նրանք հերթ են կանգնում Իրանից բարձր ճշգրտության հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր գնելու համար։

Նա նկարագրել է իրավիճակը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շուրջ՝ մեջբերելով «կույրն է առաջնորդում կույրին» ասացվածքը։

Այնուհետ նա  առաջարկել է ԵՄ-ին բացահայտել եւ բռնագրավել իր բոլոր ակտիվները աշխարհի բանկերում՝ Եվրոպայի քաղաքացիների համար փայտածուխ գնելու համար: «Առջեւում դաժան ձմեռ է», - զգուշացրել է նա։