Նախագահ Ջո Բայդենի էներգետիկ հարցերով խորհրդականն ասել է, որ Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակիցների կողմից նավթի արդյունահանման կրճատումները հիմնականում քաղաքական քայլ են, որոնք չեն խանգարի ԱՄՆ վարչակազմին փորձել զսպել էներգակիրների ներքին գները:

Ամոս Հոխշտեյնը, որն այս տարի մասնակցել է Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի նավթային դիվանագիտությանը, ասել է, որ ՕՊԵԿ+-ի որոշմամբ նոյեմբերից օրական 2 միլիոն բարելով իրական կրճատումներն ընդհանուրի միայն մեկ քառորդը կկազմեն:

«Հետեւաբար, ազդեցությունը շուկայի վրա այնքան էլ էական չի լինի»,- ասել է նա CBS-ի Face the Nation հաղորդման ժամանակ: «Այնպես որ, դա ավելի շատ ՕՊԵԿ-ի կողմից արված քաղաքական հայտարարություն էր»:

«Ակնհայտ է, որ ոչ ոք չի կարող հաստատել, որ դա արդարացված էր որեւէ տնտեսական պատճառով»,- ասել է Հոխշտեյնը:

Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր ԱՄՆ արտակարգ պահուստներից լրացուցիչ 15 միլիոն բարել թողարկման մասին եւ ասել էր, որ խնդրել է իր թիմին անհրաժեշտության դեպքում պատրաստվել հետագա թողարկումների՝ բենզինի գների զսպման համար: