Գործադիր իշխանության շենքի դիմաց հանրահավաք անցկացնելու ադրբեջանական ընդդիմության փորձը չի հաջողվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակցիան տեւել է մոտ 40 րոպե։ Հանրահավաքի ենթադրվող մեկնարկից արդեն մեկ ժամ առաջ ոստիկանությունը շրջափակել է քաղաքապետարանի հարակից տարածքը։ Քաղաքապետարանի ուղղությամբ հետիոտնային ճանապարհի երկու կողմերում կենտրոնացած են եղել ոստիկանության աշխատակիցներ։ Մեծ թվով ոստիկանական մեքենաներ եւ երկու հատուկ ավտոբուսներ տեղափոխվել են մետրոյի «Իչերի շեհեր» կայարան։ Մոտ 15:40-ից ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել բոլորին, ովքեր հայտնվել եւ զրուցել են լրագրողների հետ մետրոյի կայարանի դիմաց, այդ թվում՝ կանանց։

Ակցիայի մասնակիցները նոր մարտավարություն են կիրառել՝ նրանք մեկ առ մեկ եւ ոչ թե միանգամից են հայտնվել ակցիայի վայրում։ Այնուհետեւ ցուցարարները սկսել են հայտնվել 4-6 եւ ավելի հոգանոց խմբերով՝ վանկարկելով «Ազատությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։ Սրա շնորհիվ ակցիայի ժամանակը երկարաձգվել է, եւ ոստիկանները չեն կարողացել բոլորին միանգամից բերման ենթարկել։

Բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել ու քաշքշել ոստիկանական մեքենաների ու հատուկ ավտոբուսների մեջ, սակայն մեքենաները բավարար չեն եղել, եւ նորերն են կանչվել։ Ամենաակտիվը մի խումբ կանայք են եղել, որոնք ոստիկանական ավտոբուսից շարունակել են հակակառավարական կարգախոսներ բղավել։

Մոտ 16։20-ին մետրոյի «Իչերի շեհեր» կայարանում ակցիան ավարտվել է։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։

Հիշեցնենք, որ իշխանությունները չեն արտոնել հանրահավաքը, որի ժամանակ ընդդիմությունը մտադիր էր պահանջել հավաքների ազատություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, ազատ ընտրություններ, արմատական բարեփոխումներ եւ ցամաքային սահմանների բացում: