Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը կտրականապես հերքել է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը Կիեւի հետ հանդիպմանը, հայտնում է Press TV-ն։
«Մենք չենք վաճառել եւ չենք վաճառի որեւէ զենք եւ անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, եւ Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը կշարունակվի՝ որեւէ կապ չունենալով Ուկրաինայի պատերազմի հետ»։
Նրա խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան տարբեր տեսակի համագործակցություն են իրականացնում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ «Մենք եւ՛ զենք ենք ստացել Ռուսաստանից, եւ՛ նախկինում զենք ենք մատակարարել Ռուսաստանին, բայց ոչ ուկրաինական պատերազմի ժամանակ»:
Հղում անելով Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ իր վերջին բանակցություններին՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է. «Ես Բորելին ասացի, որ մենք պատրաստ ենք, որպեսզի իրանցի եւ ուկրաինացի ռազմական փորձագետների խումբը հետաքննի Ուկրաինայի պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման պնդումները»:




























