Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նաբաթին Ռուսաստանի հետ Անկարայի տնտեսական կապերն անվանել է «բարիդրացիական հարաբերություններ», չնայած արեւմտյան երկրների մտավախություններին, որ Թուրքիան գործում է որպես սողանցք՝ թույլ տալով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից:

Նրա խոսքով, «ընդդիմադիր տարրերը» Թուրքիայի ներսում եւ դրսում «դիտավորյալ կասկածի տակ են դնում» Ռուսաստանի հետ երկրի ֆինանսական կապերը։ Միաժամանակ, նա ընդունել է իր ֆինանսական համակարգում աժիոտաժի առկայությունը եւ պնդել, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները «օրինական են»:

«Թուրքիան միջազգային ֆինանսական համակարգում շատ զգուշավոր է իրեն պահում։ Սա այն երկիրը չէ, որի վարքագիծը կարող է հանգեցնել միջազգային ֆինանսական համակարգի խախտումների»,- ասել է Նաբաթին FT-ին տված հարցազրույցում: «Մեզ մոտ ամեն ինչ օրինական ճանապարհով է գալիս»։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ Թուրքիան ագրեսիվ կերպով զեղչ է կորզում Ռուսաստանից գնվող հսկայական ծավալի գազի համար, ինչը կթուլացնի ճնշումը թուրքական լիրայի վրա եւ կամրապնդի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը հաջորդ ամառ կայանալիք կարեւոր ընտրություններից առաջ: Թուրքիան նաեւ ռուսական «Գազպրոմ»-ից խնդրում է վճարումը հետաձգելու հնարավորություն։ Նաբաթին ասել է, որ ակնկալում է «լավ նորություններ» երկու ճակատներում: