Մեկնարկել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի պաշտոնական այցն Իրան։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում, բայց ավանդաբար նման այցերը ներառում են արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների բանակցություններ հարցերի լայն շրջանակի շուրջ, հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ եւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության քննարկում, այս կամ այն փաստաթղթերի ստորագրում։
Ինչպես հաղորդել էր ԲԵԼՏԱ-ն, մեկ ամիս առաջ Վլադիմիր Մակեյը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի հետ։ Կողմերն ընդգծել էին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, այդ թվում՝ հաշվի առնելով Սամարղանդում Բելառուսի եւ Իրանի նախագահների կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։





























