Ադրբեջանական բանակում տեղի ունեցող անօրինականություններն ու կոռուպցիոն դեպքերը նորություն չեն, սակայն հսկայական ռազմական բյուջե ունեցող ադրբեջանական բանակում ստեղծված ողբալի իրադրությունը լուրջ դրսեւորումներ է ստանում, այդ մասին գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Խոսքը զինվորների զորացրման ժամանակ տեղի ունեցող սարսափելի դեպքերի մասին է:

«Պոլիգոն»-ը հայտնում է.  «Զորացրման ժամանակ զինվորների ճանապարհածախսի նպատակով հատկացվող գումարները յուրացվում են հրամանատարության կողմից: Այդ առումով աչքի է ընկնում հատկապես Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը: Զինվորներին զորացրելիս պետությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում, որ նրանք կարողանան տուն վերադառնալ: Արդեն սովորական է դարձել այն, որ Նախիջեւանում ծառայած զինվորները չեն կարողանում Բաքու վերադառնալ: Նրանց վերադարձի համար հատկացվող գումարները անօրինական ձեւով յուրացվում են հրամանատարների կողմից: Նախիջեւանից Բաքու ուղեւորված զինվորը ինչպե՞ս կարող է Զաքաթալա հասնել»:

Դրանից բացի, զորացրված զինվորները խնդիրներ են ունենում` կապված հագուստի հետ: Օրենքի համաձայն, զինվորը զորացրվում է իր զինվորական հագուստով, սակայն այդտեղ եւս հրամանատարները կամայականությունների են դիմում: Այսպես, զորակոչից 10 օր կամ մեկ ամիս առաջ զինվորի ծնողները քաղաքացիական հագուստ են ուղարկում նրան: Իսկ պետության կողմից հատկացվող նոր հագուստները հրամանատարները պահում են եւ նորակոչիկներին զորակոչվածների հագուստն են տալիս: «Նման մոտեցման արդյունքում ադրբեջանցի երիտասարդի հայրենասիրական ոգին թուլանում է»,-եզրակացնում է «Պոլիգոնը»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ադրբեջանական «Մուսավաթ» թերթը հայտնել էր, որ Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ռազմական ծառայություն անցած եւ զորացրված զինվորները երկար ժամանակ չեն կարողացել տուն վերադառնալ, իսկ դրա հիմնական պատճառը եղել է օդանավերի բացակայությունը. զորացրված զինվորները օրեր շարունակ Նախիջեւանի օդանավակայանում օդանավի են սպասել: Մի քանի զինվորի հաջողվել է տուն վերադառնալ ռազմական բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերով՝ բեռների համար նախատեսված խցիկում:

Բացի այդ ադրբեջանական աղբյուրը հայտնել էր, նախիջեւանյան զորամասերում ծառայած զինվորները տուն վերադառնալու համար ստիպված են որոշակի գումար վճարել հրամանատարությանը` զինվորական գրքույկ տրամադրելու եւ վերադարձի ծախսերը փակելու համար: «Այս երեւույթները չեն խոսում այն պետության օգտին, որի ռազմական բյուջեն գերազանցում է թշնամի համարվող Հայասատանի ընդհանուր բյուջեին: Ավելին, հազարավոր զինվորներ զրկված են տուն վերադառնալու հնարավորությունից, մինչդեռ նրանք լուրջ վտանգի են ենթարկում իրենց կյանքը»,- գրել էր աղբյուրը։