Չինաստանը որոշել է, որ Թայվանում ստատուս քվոն այլեւս ընդունելի չէ եւ սկսել է ուժեղացնել ճնշումը կղզու վրա, ներառյալ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ելույթ ունենալով Bloomberg-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ՝ Բլինքենն ասել է, որ Չինաստանը փոխել է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ տասնամյակներ գոյություն ունեցող համաձայնագիրն այն մասին, որ Թայվանի հետ իր տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով:

«Եթե մի բան փոխվել է, դա այն է, որ Պեկինի կառավարությունը որոշում է կայացրել, որ այս ստատուս քվոն այլեւս ընդունելի չէ, եւ նրանք ցանկանում են արագացնել վերամիավորման գործընթացը»,- ասել է Բլինքենը: Նա հավելել է, որ Չինաստանը նաեւ Թայվանի վրա ճնշումն ուժեղացնելու եւ «իր նպատակներին հասնելու համար ուժի կիրառման» հնարավորությունը պահպանելու որոշումներ է կայացրել, եթե ճնշման տակտիկան չաշխատի: «Ահա թե ինչն է սկզբունքորեն փոխվել»։

Վաշինգտոնը չի ցանկացել «սառը պատերազմ» եւ չի փորձել զսպել Չինաստանին, այլ վճռականորեն «պաշտպանել է իր շահերը»,- նշել է նա։