Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռ ապրիլի սկզբին գաղտնի համաձայնագիր է կնքել լիբիացի ապստամբների հետ: Այս մասին գրում է ֆրանսիական Liberation թերթը, որը բերում է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ապրիլի 3-ին նամակի կրկնօրինակը:
Ապրիլի 3-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւի ստորագրումից մի քանի ժամ անց, որով որոշվեց «մաքուր» պահել Լիբիայի օդային տարածքը, Անցումային խորհուրդը նամակ է հղել, որտեղ խոսք է գնում «նավթի վերաբերյալ համաձայնագիր կնքելու դիմաց` Անցումային խորհրդին ճանաչման» մասին: Դրանում նշվում է, որ Լիբիայում արդյունահանվող նավթի 35 տոկոսի վերահսկողությունը պետք է անցնի Ֆրանսիային, որի դիմաց Անցումային խորհուրդը կստանա Ֆրանսիայի լիակատար աջակցությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ մարտի 10-ին ճանաչել Անցումային խորհրդին:
Նշենք, որ 2010-ի արդյունքներով, Ֆրանսիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն էր լիբիական նավթի գնման հարցում: Ֆրանսիա ներկրվող նավթի 15 տոկոսն ստացվում էր Լիբիայից:
Ֆրանսիական Figaro-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ այդ նամակի մասին իրեն ոչինչ հայտնի չէ, իսկ ֆորմալ առումով Ֆրանսիայի եւ Լիբիայի Անցումային խորհրդի միջեւ նմանատիպ համաձայնություն չի կայացել: «Ինձ հայտնի է Անցումային խորհրդի պաշտոնական հայտարարությունը, որ Լիբիայի վերակառուցման գործընթացում նախապատվությունը տրվելու է այն երկրներին, որոնք աջակցում են իրենց: Դա, ինձ թվում է, լրիվ տրամաբանական է եւ արդար»,- հայտարարել է նախարարը:




























