Ժամանակավոր սահմանափակումները չպետք է խոչընդոտեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն  ու սահմանագծմանը։ Այս մասին Ազգային ժողովում, հոկտեմբերի 27-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորի կարծիքով՝ կարեւոր  է միայն այն, որ այդ գործընթացը հետեւողական լինի։ Նա նաեւ կարեւոր է համարել  համապատասխան փաստաթղթի առկայությունը։ «Կարեւոր է, որպեսզի բանակցությունների սեղանին լինի փաստաթուղթ, որի շրջանակում մենք կկարողանայինք աշխատել»,- նշել է նա։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի հավաստիացմամբ՝ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ «Սահմանազատման եւ սահմանագծման հարցերը փոխկապակցված են վերոնշյալ փաստաթղթի հետ։ Այնուամենայնիվ, դրանց միաժամանակյա իրականացման հանար պայմաններ պարզապես չկան»,- ընդգծել է պատգամավորը։