Վերջին եռակողմ ձեւաչափով հանդիպումից անցել է գրեթե մեկ տարի։ Այսօր ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպմանը։
Հայկական կողմի օրակարգը, ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած խնդիրների ու իրադարձությունների ուսումնասիրությունն ու հետաքննումն է։ Մասնավորապես, ինչպես նշեց պատգամավորը, խոսքը ադրբեջանական վերջին ագրեսիայի, դրա հետեւանքների, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի փաստաթղթերի դրույթների կատարման վերլուծության մասին է։
«Դրանք են հայկական կողմի սպասելիքները»,-ընդգծեց պատգամավորը։





























