Կան մարդիկ, ովքեր ուզում են քաղաքական կապիտալ կուտակել՝ շահարկելով դեպի Ռուսաստան հայաստանցիների արտագաղթի փաստը: Նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, այսօր` սեպտեմբերի 1-ին Գյումրիում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա անդրադարձել է ՌԴ միգրացիոն ծառայության կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագրին, որը Հայաստանում լուրջ քննադատության էր արժանացել։ Հիշեցնենք, որ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ընտանիքներով մեկնել Ռուսաստան, ստանալ այդ երկրի քաղաքացիություն եւ մշտական աշխատանք:
«Ո՞վ է հային տանում այստեղից, եթե նա չուզի գնալ։ Իր երկրից ինչո՞ւ է նա գնում։ Եթե նա իր երկրում լավ ապրի, ինչո՞ւ պիտի ինչ-որ տեղ գնա։ Ոչ ոք ոչ մեկին չի տանում։ մարդիկ գնում են իրենց նախաձեռնությամբ», - այս առիթով ասաց դեսպան Կովալենկոն՝ համոզմունք հայտնելով, որ ցանկացած հայ, ով հեռանում է իր հայրենիքից, ի վերջո վերադառնալու է։
Ռուսաստանի դեսպանը նաեւ կոչ արեց խուսափել իրադարձությունները «դրամատիկ ներկայացնելուց»:
«Կան մարդիկ, ովքեր ուզում են կուտակել քաղաքական կապիտալ։ Իզուր են նրանք դա անում։ Ամեն ինչ լավ է լինելու, եւ եթե մարդիկ ժամանակավոր հեռանում են, նրանք չեն գնում հարստանալու, այլ նրա համար, որ ովքեր մնում են այստեղ՝ լավ ապրեն», - հայտարարեց Վյաչեսլավ Կովալենկոն։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագիրը քննադատել են Հայաստանի գրողների միության անդամները եւ մտավորականության ներկայացուցիչները, իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությանը եւս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանից Ռուսաստան մեկնելու գործընթացը եւ Հանրապետության նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Ծրագիրը կասեցնելու պահանջով հանդես էր եկել նաեւ ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը:



























