Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով Ադրբեջանից էլեկտրաէներգիա ստանալու ցանկության մասին, գրում է Նովոստի Գրուզիան։
Նրա խոսքով՝ այսպիսով Հունգարիան կկարողանա մեծ քանակությամբ բնական գազ խնայել, որն այժմ օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Օրբանն այս ծրագրերի մասին հայտարարել է այսօր՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո։
«Ցանկանում եմ Հունգարիայի հանրությանը տեղեկացնել, որ խոշոր էներգետիկ նախաձեռնություններ են մշակվում, եւ դա մեզ հետաքրքրում է: Մենք ցանկանում ենք ունենալ էլեկտրահաղորդման նոր, մեծ գծեր եւ էլեկտրաէներգիա ստանալ Ադրբեջանից Վրաստանի տարածքով, Ռումինիայի տարածքով եւ այս նախաձեռնության օգնությամբ մենք կխնայենք շատ բնական գազ, որն այժմ օգտագործում ենք էլեկտրաէներգիայի արտադրության համար։
Եթե հաջորդ տարի այս էլեկտրաէներգիան մեզ ուղղակիորեն մատակարարվի, ապա մենք այլեւս ստիպված չենք լինի բնական գազ գնել։ Ես շատ ուրախ էի, որ պարոն վարչապետն աջակցում է այս նախաձեռնությանը, այս հարցը Հունգարիայի համար սկզբունքային մեծ նշանակություն ունի»,- ասել է Օրբանը։
Նրա խոսքով, Հունգարիան ձգտում է ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ լուծում գտնել ԵՄ-ի սահմաններից դուրս էլեկտրաէներգիա ստանալու համար։ «Մենք շատ ենք ներմուծում, շատ մեծ ծավալներով եւ շատ հեռավոր երկրներից։ Այս հարցը կարեւոր է Հունգարիայի համար, քանի որ այն կապված է ինֆլյացիայի, գների աճի հետ»,- ասել է Օրբանը։





























