Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ արեւմտյան քաղաքակրթությունը՝ հրաժարվելով ավանդական արժեքներից, կորցրել է իր առավելությունը համաշխարհային ասպարեզում եւ իրավունք չունի՝ որպես փոքրամասնություն, իր արժեքները պարտադրել մնացած աշխարհին, գրում է «Интерфакс»-ը։

«Եթե արեւմտյան վերնախավը կարծում է, որ կարող են տարօրինակ, բայց նորաձեւ միտումներ ներդնել, ինչպիսիք են, օրինակ, գեյ-շքերթները,այդպես էլ կլինի: Թող անեն այն, ինչ ուզում են, բայց նրանք բացարձակ իրավունք չունեն պահանջելու, որ մյուսները նույն ուղղությամբ գնան», -ասել է Պուտինը։

Նա նշել է, որ «հենց Արեւելքի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Եվրասիայի ավանդական հասարակություններն են կազմում համաշխարհային քաղաքակրթության հիմքը»։

«Իսկ ժողովուրդների ու քաղաքակրթությունների առանձնահատկությունների նկատմամբ հարգանքը բխում է բոլորի շահերից, ըստ էության, եւ այսպես կոչված Արեւմուտքի շահերից: Եվ կորցնելով իր գերազանցությունը՝ այն արագորեն վերածվում է փոքրամասնության համաշխարհային ասպարեզում»,-ընդգծել է Պուտինը։