ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել է ուժեղ առաջնորդ, որն առաջնորդվում է բացառապես իր երկրի շահերով, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նա ուժեղ առաջնորդ է, ով առաջնորդվում է, առաջին հերթին, եւ գուցե բացառապես Թուրքիայի, թուրք ժողովրդի եւ թուրքական տնտեսության շահերով։ Սա մեծապես բացատրում է նրա դիրքորոշումը թե՛ էներգետիկայի, թե՛ «Թուրքական հոսքի» կառուցման վերաբերյալ»,-ասել է Պուտինը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն փոխադարձ հետաքրքրությունների բազմաթիվ համընկնող վեկտորներ՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը համաձայնել է գազային հանգույցի ստեղծմանը` ելնելով առաջին հերթին սեփական շահերից:

«Նախագահ Էրդողանը երբեք իրեն թույլ չի տալիս  առաջնորդվել երրորդ երկրների շահերով։ Բայց նա, իհարկե, մեզ հետ երկխոսության մեջ պաշտպանում է սեփական շահերը։ Այս առումով Թուրքիան ընդհանրապես եւ նախագահ Էրդողանը մասնավորապես բարդ  գործընկերներ են։ Շատ որոշումներ ծնվում են նման երկար ու դժվարին վեճերի ու բանակցությունների ժամանակ։ Բայց երկուստեք ցանկություն կա՝ հասնելու այդ պայմանավորվածություններին։ Եվ մենք, որպես կանոն, ձեռք ենք բերում այդ պայմանավորվածությունները։ Այս առումով Էրդողանը, իհարկե, հետեւողական եւ վստահելի գործընկեր է»,-ասել է Պուտինը։