Սեպտեմբերի 2-ին լրանում է Հայաստանի ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալության 72 ժամը, եւ քննչական մարմինը պետք է դիմի դատարանին նրա նկատմամբ խափանման միջոց որոշելու միջնորդությամբ:

Մարգար Օհանյանը ձերբակալվել է օգոստոսի 30-ին Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւոր գործերով քննիչ Տիգրան Թամամյանի հանձնարարությամբ, ով ՀՔԾ-ում համարվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մարդը, եւ գլխավոր դատախազը հենց վերջինիս միջոցով է իրականացնում ամենածանր գործերը: Ամենայն հավանականությամբ, քննիչը միջնորդություն կներկայացնի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Մարգար Օհանյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:

Քննիչ Թամամյանից որեւէ մեկնաբանություն գործի կապակցությամբ ստանալ չհաջողվեց: Նախ նա հայտարարեց, թե քննչական գործողության է մասնակցում եւ խնդրեց ավելի ուշ զանգել իրեն, ապա ընդհանրապես չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալությունը լիակատար անսպասելի է եղել Մարգար Օհանյանի համար, առավել եւս` ձերբակալությունից մի քանի օր առաջ` օգոստոսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե «առայժմ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման հարցը դրված չէ»:

2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի ձերբակալությունից հետո Մարգար Օհանյանը բարձրաստիճան ոստիկանների շրջանում հայտնել էր, թե իրեն «դիպչելու դեպքում ինչ գիտի, պատմելու է»: Ասում են, թե նա հենց այդպես էլ վարվել է, եւ ուշագրավ բազմաթիվ տեղեկություններ է հայտնել ոստիկանական համակարգում տիրող համատարած կոռուպցիայի մասին: Օհանյանին զայրացրել է այն հանգամանքը, 156 հազար լիտր բենզինի յուրացման մեջ անմիջականորեն մեղադրվող Ստեփան Կարախանյանին գրավի դիմաց ազատ են արձակել իրեն ձերբակալելու նախօրեին, եւ նա, ըստ աղբյուրի, որոշել է հանձնել բոլոր իր գործընկերներին, ովքեր խառն են եղել ՃՈ-ում կատարված մութ գործարքներում:

Ուշագրավ է, որ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են բարձրաստիճան յոթ ոստիկաններ` գնդապետներ եւ փոխգնդապետներ, որոնց դեմ էլ ցուցմունքներ է տվել Մարգար Օհանյանը: 

Նշենք, որ Մարգար Օհանյանի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ու ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը եզակի չեն լինելու, որ լքել են իրենց պաշտոնը: Ավելին, առաջիկայում նորանոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում:

Աղբյուրի փոխանցմամբ, որոշում է կայացվել ամեն գնով բարձրացնել ոստիկանության խաթարված հեղինակությունը եւ այդ շրջանակներում պաշտոնազրկելու կամ ազատազրկելու են մի ամբողջ շարք հայտնի դեմքերի: