Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ Իսրայելում չորս տարվա ընթացքում հինգերորդ ընտրություններից հետո կվերադառնա իշխանության եւ ծայրահեղ աջերի վերելքի հաշվին նրա շանսերը մեծանում են, գրում է AFP-ն։
73-ամյա Նեթանյահուն առաջին անգամ երկար տարիների ընթացքում քարոզարշավ է իրականացնում ընդդիմության կողմից:
Նա դեմ է հանդես գալիս կենտրոնամետ ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդին, որն անցյալ տարի ութ կուսակցություններից բաղկացած խայտաբղետ դաշինքը վերածեց կոալիցիայի, որին հաջողվեց իշխանությունից հեռացնել Նեթանյահուին:
Լապիդը մասնակցում է նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններին դիվանագիտական առաջընթացից ընդամենը մի քանի օր անց՝ թշնամի Լիբանանի հետ ծովային սահմանի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, որը երկու կողմերի համար մուտք է բացում դեպի օֆշորային գազային հարստություններ:
Մինչդեռ Նեթանյահուն հուսով է, որ իր պաշտոնավարման ռեկորդային 15 տարիները կհամոզեն ընտրազանգվածին, որ միայն նա ունի երկիրը ղեկավարելու փորձ, չնայած կոռուպցիայի գործով շարունակվող դատավարությանը:
Հարցումները ցույց են տալիս, որ Նեթանյահուի Լիկուդը դառնում է խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ սակայն քաղաքական համակարգում, որտեղ գերիշխում են կոալիցիաները, վարչապետ դառնալու նրա ուղին դեռեւս որոշված չէ։
Մինչ ձայները հաշվելը, երկու առաջնորդներն էլ, ամենայն հավանականությամբ, ինտենսիվ բանակցությունների կանցկացնեն ավելի փոքր կուսակցությունների հետ՝ ձգտելով ապահովել խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ 61 մանդատները:
Նեթանյահուի համար սա նշանակում է ուլտրաուղղափառների հետ իր երկարամյա կապերի վերածնունդ, միաժամանակ նա փորձում է շահել Իտամար Բեն Գվիրի և Բեցալել Սմոտրիչի աջ ծայրահեղական միության վստահությունը:
Կրոնական սիոնիզմ դաշինքը մեծ թափ է հավաքում հարցումներում եւ կարող է զբաղեցնել երրորդ տեղը՝ ավելի քան երկու անգամ ավելացնելով իր ներկայիս վեց տեղերը:
Իսրայելի ընտրական համակարգի համաձայն՝ խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է ստանան առնվազն չորս տեղ:
«Լապիդը փորձում է ասել, որ ինքը միակն է, ով կարող է միավորել Քնեսեթի անդամներին, որոնք դեմ են հանդես գալիս Նեթանյահուին», - ասել է քաղաքագետ Գայիլ Թալշիրը:
«Նա պետք է համոզվի, որ իր պոտենցիալ գործընկերները անցնել են շեմը», - հավելել է նա:





























