Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի սեպտեմբերի 3-ին կայանալիք ընտրությանը կմասնակցի մեկ մարդ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար եւ միակ թեկնածու Շահեն Շահինյանը նշեց, որ իր համար շատ զարմանալի էր, որ իրենից բացի` ոչ ոք չի դիմել մրցույթին մասնակցելու համար: «Ինչ-որ տեղ նաեւ վատ է, որ չի կայանում մրցույթ, որովհետեւ մարդիկ արդեն իրենց ծրագրերը ներկայացնում էին լրատվամիջոցներում, եւ ես կարծում էի, որ թեկնածուներ կլինեն: Իրենց համար շատ լավ դաշտ է ստեղծված` ազատ, անկախ, թափանցիկ: Ես հիմա հասկանում եմ, թե ինչի չդրեցին, որովհետեւ այն ժամանակ, երբ մտածում էին թեկնածությունը դնելու մասին, այդքան աշխատանքի մեջ չէին մտել, իսկ երբ մտան աշխատանքի մեջ եւ զգացին ծանրության բեռը, հրաժարվեցին, իսկապես, այդ բեռը հասկանալով` մարդ կարող է եւ հրաժարվել»,- ասաց Շահեն Շահինյանը:
Նրա խոսքով` ռեկտոր ընտրվելը ամենահեշտն է, սակայն աշխատելը դժվար է, մեծ պատասախանատվություն է պահանջում: «Ռեկտոր դառնալը իմ երազանքը չէր, իմ երազանքն էր, որ ես լինեի երաժշտության մեջ, կարողանայի կայանալ կատարողական արվեստի մեջ, սակայն այն, ինչ ես էի երազում, այդպես էլ չկայացավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»,- նշեց նա` հավելելով, որ ռեկտոր դառնալը ժամանակի թելադրանքով է: Ռեկտորի միակ թեկնածուն նշեց, որ ընտրվելուց հետո Կոնսերվատորիայում անպայման կառուցվածքային փոփոխություններ է անելու, ինչը իր հետ կարող է բերել կամ չբերել կադրային փոփոխություններ. «Եթե այն, ինչ որ պետք է արվի, դրանից դուրս մարդիկ են մնում, որոնք անելիք չունեն, դուրս կմնան»,- ասաց դեռեւս չընտրված ռեկտորը: Իր հասցեին հնչող քննադատություններին Շահինյանը հումորով է վերաբերում. »Իսկ ու՞ր են այդ մարդիկ, ու՞ր է նրանց թեկնածությունը, եթե մեկը ցավում է Կոնսերվատորիայի ապագայի համար, թող գային մասնակցեին, այսքան տարի գոնե իրենց անունը ճանաչեին»,- ասաց Շահեն Շահինյանը:
Տեւական ժամանակ ռեկտորի հավանական թեկնածուների շարքում հոլովում էր նաեւ Ավետ Տերտերյանի որդու` երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի անունը: NEWS.am-ը ավելի վաղ անդրադարձել էր, որ մի շարք երաժիշտներ նամակ էին գրել ՀՀ նախագահին, վարչապետին եւ մշակույթի նախարարին` առաջարկելով Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել հենց նրան:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Տերտերյանը նշեց, որ ինքը չի դրել իր թեկնածությունը, քանի որ դրանք ընթանալու էին ոչ թե Կոնսերվատորիայի կոլեկտիվի մասնակցությամբ, այլ 5-6 դասախոս են ընտրելու: «Ընտրությունները անցկացվում են այդ մի խումբ մարդկանց կողմից, Կոնսերվատորիան ներկայացնում է ընդամենը 6 դասախոս: Դա չի ստեղծում այն պայմանները, որոնք թույլ են տալիս ընտրական ընթացք ստեղծել»,- նշեց նա` հավելելով, որ մնացած բուհերում ընտրություններն ընթանում են դասախոսների, աշխատողների, ուսանողների մասնակցությամբ: Նրա կանխատեսմամբ` ընտրություններին անակնկալներ չեն լինի, կընտրվի միակ առաջադրված թեկնածուն, իսկ ընտրող դասախոսները երեւի սատարում են հենց իրեն: Նա չգիտի` այս ձեւաչափով կայանալիք ընտրությանը իր թեկնածությունը դնելով` կընտրվե՞ր, թե` ոչ:
Հարցին, թե եթե ռեկտոր ընտրվի Շահեն Շահինյանը, ինքը կշարունակի՞ աշխատել Կոնսերվատորիայում, Ռուբեն Տերտերյանը պատասխանեց, որ եթե նրա ծրագիրը տանի Կոնսերվատորիայի զարգացման, ապա կաշխատի, եթե ոչ` ոչ:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: Ռեկտորի ընտրության համար կայանալիք մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը սկսվել է հուլիսի 25-ին եւ ավարտվել օգոստոսի 25-ին: Ի դեպ, NEWS.am-ը այս հարցի շուրջ ավելի վաղ զրուցել էր նաեւ արդեն նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանի հետ, ով իր հեռանալու պատճառ էր նշել հոգնածությունը: Սարաջյանն ասել էր, որ ցանկանում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով:




























