Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Անկվաբը Աբխազիայի նախագահ է ընտրվել օգոստոսի 26-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում:

Ինչպես հաղորդում է «Ապսնըպրեսը», շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հույս ունեմ, որ փաստացի անկախ ԼՂՀ-ն միջազգային իրավական ճանաչում կստանա: Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները, հաղթահարելով ծանր խոչնդոտները, հասել են գլխավոր նպատակին` իրենց երկրների անկախությանը: Մենք պարտավոր ենք պահպանել այդ անկախությունը, վերածնել ազգային պետականությունը` հանուն ապագա սերունդների»:

«Հարգելի Բակո Սահակյան, թող Ձեր գլխավորությամբ ԼՂՀ ժողովուրդը վստահություն ձեռք բերի բարեկեցիկ ապագայի հասնելու հարցում»,- ասված է հեռագրում:

Նշենք, որ ԼՂՀ-ն իր անկախության 20-ամյակը նշում է սեպտեմբերի 2-ին: