Ադրբեջանում շուտով սկսվելու է իրանական գործակալներից երկիրը «մաքրելու» գործընթացը։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը՝ հղում կատարելով olke.az ռեսուրսին, որը վկայակոչել է AZfront թելեգրամ-ալիքը, որն էլ, իր հերթին, վկայակոչել է իրազեկ աղբյուրին։

«Նախապատրաստությունը պետք է վաղուց սկսվեր։ Բայց սպասում էինք, որ նրանք խելքի գան։ Ըստ երեույթին, նրանք դա չհասկացան եւ ներում չեն ունենալու։ Գործընթացը տեղի կունենա առաջիկա 10 օրերին»,- ասել է աղբյուրը։ Կայքի տվյալներով՝ այդ ուղղությամբ կիրառվելու են օպերատիվ միջոցներ։ Տեղի շատ ԶԼՄ-ներ այս հաղորդագրությունը տարածել են՝ հղում կատարելով olke.az-ի տեղեկությանը։

«Ադրբեջանում ո՞ւմ նկատի ունեն «իրանական գործակալներ» ասելով։ Ադրբեջանում Իրանի «5-րդ շարասյան» գործակալական ցանցի առկայությունը քաղաքացիների մեծ մասի մոտ կասկածներ չի առաջացնում։ Բայց ինչպե՞ս են որոշելու, թե ով է իրանական գործակալության աշխատակից։ Այս եւ այլ հարցերի «Բարդ հարց» ծրագրում պատասխանում է քաղաքագետ Հալեդդին Իբրահիմլին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականությունն Իրանի հանդեպ պետք է  բաց եւ թափանցիկ լինի։ «Թեհրանը պետք է տեսնի, որ Ադրբեջանը  հասարակությանը ներկայացնում է Իրանից բխող ցանկացած նենգ արարք։ Այդ ժամանակ իրանական վարչակարգը կբախվի սեփական հասարակության հետ կոնֆլիկտի սպառնալիքին։ Որովհետեւ նա կբողոքի, կպահանջի դադարեցնել վնասակար գործունեությունն իրենց իսկ ցեղակիցների դեմ Արազի մյուս ափին»,- ասել է Իբրահիմլին։ Քաղաքագետի կարծիքով՝ երկար տարիներ Իրանը, օգտագործելով ադրբեջանցիների մեծ մասը պատկանելությունը իսլամի շիա (ջաֆարական) մազհաբին (աստվածաբանա-իրավական դպրոց), Ադրբեջանում ստեղծել է իր դպրոցները, ոչ կառավարական կազմակերպությունների (կրոնական) լայն ցանց, ֆինանսավորել դրանք։

«Ահաբեկչական պետություն լինելով՝ Իրանը միշտ նախապատվությունը տվել է դեռահասների, երիտասարդության ներկայացուցիչների հետ աշխատանքին, որոնք դեռեւս որպես անձ չեն կազմավորվել, լվացել է նրանց ուղեղները՝ նրանց գիտակցության մեջ ներդնելով կեղծ պատկերացումներ։ Այդ մարդկանցից էլ իրանական հատուկ ծառայությունները հավաքագրում են իրենց հետեւորդներին»,- հավաստիացրել է Իբրահիմլին։

Ուստի, նրա կարծիքով, Ադրբեջանի հատուկ ծառայությունները պետք է, առաջին հերթին, վերահսկողության տակ վերցնեն այդ կազմակերպությունները, ստուգեն դրանց գործունեությունը եւ լուծարեն այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են քարոզչությամբ եւ խափանարար գործունեությամբ»,- նշվել է հրապարակմաան մեջ։