Պատժամիջոցները եւ քաղաքական իրավիճակը չեն ազդել` Ադրբեջանում ռուսական «Լուկօյլ»-ի մասնակցությամբ նավթագազային նախագծերի վրա, այդ թվում՝ «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործմանը մասնակցության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը։

«Նրանք (Լուկօյլը) այստեղ են հենց սկզբից, եւ հակառակ բոլոր պատժամիջոցներին, շարունակում են աշխատել։ Այս առումով ես «Լուկօյլի» համար խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է նա Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։

Փոխնախարարը նշել է, որ «Լուկօյլ»-ի մասնակցությամբ  «Շահ Դենիզ» նախագիծը շատ կարեւոր է եվրոպացի սպառողների համար, եւ, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելիս, նախագծի համար բացառություններ են արվել։ Միեւնույն ժամանակ, նախագծի մասնակիցներից մեկը իրանական NICO ընկերությունն է, որի համար միայն որոշակի սահմանափակումներ են եղել՝ ստացվող շահույթի ներդրման հարցում, նշել է նա։

«Չեմ կարծում, որ «Լուկոյլը» խնդիրներ կունենա։ Եթե ​​անգամ պատժամիջոցներ լինեն, կարծում եմ, որ բացառություններ կլինեն»,- ասել է Սոլթանովը։

Շահ Դենիզ գազային հանքավայրը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Բաքու քաղաքից 70 կմ հարավ-արեւելք։ Ծրագիրն իրականացվում է արտադրության բաժնեմասի համաձայնագրով։ Ծրագրին մաս են կազմում BP, Socar, TPAO, NICO ընկերությունները: Lukoil-ի մասնաբաժինը կազմում է 19,99 տոկոս:

Հանքավայրը համարվում է Հարավային գազային միջանցքով գազի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը՝ 3,5 հազար կմ երկարությամբ ինտեգրված խողովակաշարային համակարգով Բաքվից դեպի հարավային Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով: Դրա հզորությունը կազմում է տարեկան 16 մլրդ խմ։