2020 թվականին պատերազմում Թուրքիան զգալի ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, գրում է Eurasianet-ը։ Այժմ Բաքուն պատասխանում է փոխադարձությամբ․ Էրդողանին մոտ կանգնած ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։
«Որոշ դեպքերում հարաբերությունները դուրս են գալիս բիզնեսի եւ քաղաքականության շրջանակից։ Քաշաթաղում նորաբաց գյուղատնտեսական համալիրում Էրդողանի ընտանիքի անդամները Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների գործընկերներն են։ Էրդողանն ու Ալիեւը 2021 թվականի հոկտեմբերին հիմնադրել են «Դոստ» («Ընկեր») ագրոպարկը։ Նրանք կրկին այցելել են ագրոպարկ հոկտեմբերի 20-ին, երբ ավարտել են Կովսականում նոր օդանավակայանի բացման շրջանակում ԼՂ-ում էքսկուրսիան։ «Դոստ» ագրոպարկը դիտարկվում է որպես 100 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ, որին վերջին հաշվով կներգրավվի 500 մարդ, որոնք կբուծեն մինչեւ 10 000 գլուխ եղջերավոր անասուն։
Էրդողանին ԼՂ այցի ժամանակ ուղեկցել է «Դոստ Զիրաատ»-ի սեփականատեր Աբդուլքադիր Կարագյոզը։ Վերջինս ոչ միայն գործնական դաշանկից է, այլ Էրդողանի ընտանիքի անդամ։ Նա ամուսնացած է Էրդողանի եղբոր՝ Մուստաֆա Էրդողանի դստեր հետ։ 2016 թվականին ամուսնությունից հետո Կարագյոզը սկսել է պետական պայմանագրեր շահեր, որոնցից շատերում նրա ընկերությունը միակ մասնակիցն է եղել։ Ամուսնությունից հետո նա նաեւ սկսել է ավելի կոշտ վերահսկել Dost ընկերությունը, որի համահիմնադիր է դարձել 2010 թվականին։
2017 թվականին այլ բաժնետերեր լքել են ընկերությունը։ Միաժամանակ, ընկերությանը միացել են Էրդողանի ընտանիքի այլ անդամներ։
Թուրքիայի առեւտրային ռեգիստրի պաշտոնական տեղեկագրում առկա փաստաթղթերը, որոնց ծանոթացել է Eurasianet-ը, ցույց են տալիս, որ հարսանիքից ընդամենը մեկ տարի անց Էրդողանի ընտանիքի մյուս անդամները (երկու զարմիկներ) դարձել են Dost Ziraat-ի բաժնետերեր։ Նրանք են Մուստաֆայի որդի Ուսամ Էրդողանը եւ Էրդողանի քրոջ որդի Ահմեդ Էնես Իլգենը։
Սակայն մինչեւ 2020 թվականը ռեգիստրում այլ փաստաթղթեր ցույց են տալիս, որ երկու եղբոր որդիներն այլեւս չունեն ընկերության բաժնետոմսեր, եւ որ Կարագյոզը միակ բաժնետերն է: Ադրբեջանական կողմից ներդրող է Pasha Investments-ը, որը մտնում է Pasha Holding-ի մեջ, որը միավորում է Ալիեւի կին եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ընտանիքին պատկանող բոլոր ընկերությունները։
Մինչդեռ ագրոպարկի կառավարումը գտնվում է Էրդողանի մեկ այլ դաշնակցի՝ Մեհմեդ Զեքի Թուղրուլի ձեռքում, որը Dost Ziraat-ի վարչության ղկեավարի տեղակալն է։
Ագրոպարկ այցի ժամանակ երկու նախագահները հակիրճ պատասխանել են լրագրողների հարցերին։ Էրդողանը Կարագյոզին անվանել է «գլխավոր դեմք», իսկ այն հարցին, թե հետագայում ագրոպարկը կարող է ընդլայնվել, Ալիեւը պատասխանել է. «Դա կախված է պարոն Աբդուլքադիրից»։ Էրդողանը հավելել է. «Այն, ինչ նա ցանկանա, կկատարվի»։ Ինքը՝ Կարագյոզը, հայտարարել է. «Իհարկե, այն կընդլայնվի։ Տա Աստված, մենք կշարունակենք Լաչինում»։
Կարագյոզը միակ թուրք գործարարը չէ, մյուսների թվում են՝ Ջեմալ Քալյոնկու՝ Kalyon Holding-ի նախագահ; Մեհմեդ Ջենգիզ՝ Cengiz Holding-ի նախագահ; Demirören Holding-ի նախագահ Յըլդըրըմ Դեմիրորեն։ Երեքն էլ միացել են Էրդողանին Ղարաբաղ կատարած այցի ժամանակ։ Ջրականում Էրդողանը անդրադարձել է այնտեղի ներկայիս ճանապարհի վատ վիճակին։ «Կարծում եմ, որ մեկ տարի հետո մենք կտեսնենք Ջաբրայիլի (Ջրական) ճանապարհը բոլորովին այլ վիճակում, քանի որ լուրջ քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների հետ կապված»,-ասել է նա։
Այժմ Ջենգիզն ու Քալյոնը շահավետ պայմանագրեր են ստացել Ղարաբաղում աշխատանքի համար, այդ թվում՝ ճանապարհների կառուցման եւ երեք հանքերի շահագործման, մասնավորապես՝ ոսկու եւ պղնձի արդյունահանման համար։ Քալյոնը կառուցում է Հորադիզ-Ագբանդ երկաթուղային գիծը։ Նախատեսվում է, որ այս նախագիծը կարժենա ավելի քան 312 միլիոն մանաթ (ավելի քան 180 միլիոն դոլար) եւ կավարտվի 2023 թվականին։
Մեկ այլ ընկերություն՝ Kolin İnşaat-ը, ադրբեջանական Azvirt ընկերության հետ միասին Ղարաբաղում ճանապարհաշինության շահավետ պայմանագիր է ստացել՝ Շուշիում «Հաղթանակի ճանապարհը» կառուցելու համար։ Kolin-ը եւս մասնակցել է շուկայի ստեղծմանը։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կառավարությունն ավելի քան 4,8 միլիարդ մանաթ (մոտ 2,9 միլիարդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի վերակառուցման եւ վերականգնման ծրագրերին։
Բաքվում Թուրքիայի դեսպանատան տվյալներով՝ Ղարաբաղում գործում է մոտ 30 թուրքական ընկերություն։
«Այս ընկերություններն արդեն ներդրել են 1 միլիարդ դոլար, եւ այս ներդրումները կշարունակեն աճել»,-ասել է Բաքվում Թուրքիայի գլխավոր առեւտրային խորհրդական Յակուպ Սեֆերը։
Թուրքական մեկ այլ խոշոր ընկերություն՝ Demirören Holding-ը, հրապարակայնորեն չի ստացել Ղարաբաղի հետ կապված որեւէ նախագիծ, սակայն վերջերս այլ խոշոր պայմանագրեր է ստացել Ադրբեջանում։
2021 թվականին ընկերությունը ստացել է պետական վիճակախաղ վարելու 10 տարվա պայմանագիր եւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել էկոնոմիկայի նախարարության հետ՝ 40 միլիոն դոլար արժողությամբ դեղագործական գործարան կառուցելու համար։ Սեպտեմբերին տված հարցազրույցում իտալացի լրագրողի հարցին, թե ինչ հեռանկարներ ունեն այդ ընկերությունները Ղարաբաղում շինարարական պայմանագրեր ստանալու համար, Ալիեւը պատասխանել է, որ Իտալիան Թուրքիայից հետո կլինի երկրորդ տեղում:
«Սա մեր հարեւանն է, որն ունի շատ հայտնի շինարարական ընկերություններ։ Նա մեր դաշնակիցն ու մտերիմ ընկերն է»,-ասել է նա։





























