Ռուսաստանի հարեւանների կողմից լվացքի մեքենաների, սառնարանների եւ նույնիսկ կրծքի կաթի էլեկտրական պոմպերի եվրոպական արտահանման հանկարծակի եւ անսպասելի աճը մտավախություն է առաջացրել պաշտոնյաների մոտ, որ առեւտրի բումը կարող է «օգնել Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենային» Ուկրաինայում, պնդում է Bloomberg-ը:
ԵՄ-ի Եվրոստատի տվյալների բազայից Bloomberg-ի կողմից հավաքված տվյալների համաձայն՝ Հայաստանն առաջին ութ ամիսներին Եվրամիությունից ավելի շատ լվացքի մեքենա է ներմուծել, քան վերջին երկու տարում միասին վերցրած։ Օգոստոսին Ղազախստանը ներմուծել է 21,4 մլն դոլարի եվրոպական սառնարաններ, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գումարը։ Մինչդեռ Ղազախստանի կառավարության տվյալները ցույց են տալիս Ռուսաստան սառնարանների, լվացքի մեքենաների եւ կրծքի կաթի էլեկտրական պոմպերի մատակարարումների կտրուկ աճ։
Եվրասիական պետությունների միջոցով դեպի Ռուսաստան որոշակի առեւտուրը կարող է փոխհատուցել այլ երկրներից ներմուծման պակասը, ինչը հեղինակները «ավանտյուրա» են համարում։ Ավելին, նրանք եզրակացնում են, որ ռուսական ընկերությունները կարող են «քանդել» եվրոպական կենցաղային տեխնիկան եւ «քաղաքացիական արտադրության մեջ օգտագործել բաղադրիչներն ու կիսահաղորդիչները»։
Թվերին ծանոթ եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ գոնե որոշ ապրանքներ եւ դրանց բաղադրիչները կարող են «ռազմական նպատակներով կիրառություն» գտնել եւ «ուշադրությամբ» հետեւում են արտահանման աճին դեպի Ռուսաստանի ծայրամասային երկրներ:
Առեւտրի տվյալները ցույց են տալիս, որ, օրինակ, ԵՄ-ից Հայաստան կրծքի կաթի էլեկտրական պոմպերի արտահանումը գրեթե եռապատկվել է 2022 թվականի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա համեմատ՝ չնայած Հայաստանում ծնելիության 4,3 տոկոս անկմանը։ Նույն կերպ ԵՄ այդ պոմպերի նկատմամբ Ղազախստանի պահանջարկն աճել է 633 տոկոսով 2022 թվականի առաջին կիսամյակում, թեեւ նույն ժամանակահատվածում երկրում ծնելիության մակարդակը նվազել է 8,4 տոկոսով:
Ռուսաստանը պատժամիջոցներից տուժել է իր տնտեսության գրեթե բոլոր հատվածներում՝ զրկվելով ներմուծումից, այդ թվում՝ միկրոսխեմաներից եւ այլ բաղադրիչներից: Ըստ երեւույթին, հեղինակները լրջորեն հավատում են, որ կրծքի կաթի պոմպերը կարող են լուրջ զենք դառնալ Ռուսաստանի ձեռքում։
Ղազախստանի կառավարության տվյալներով՝ Ղազախստանից կրծքի կաթի էլեկտրական պոմպերի ռուսական պահանջարկը կրկնապատկվել է ավելի քան երկու անգամ տարվա առաջին ութ ամիսներին՝ ամբողջ 2021 թվականի համեմատ։ Երկիրը 2022 թվականին նաեւ 7,5 միլիոն դոլարի լվացքի մեքենաներ է առաքել Ռուսաստան՝ նախորդ երկու տարվա գրեթե զրոյական ցուցանիշի համեմատ։ Նախորդ տարվա համեմատ Ռուսաստան սառնարանների արտահանումն աճել է 10 անգամ։
«Նույնիսկ ռուսական սպառազինության խիստ բարդ համակարգերը հաճախ կառուցվում են մի շարք կոմերցիոն արտադրանքներում հայտնաբերված միկրոէլեկտրոնային բաղադրիչների օգտագործմամբ»,- ասում է Թագավորական միավորված սպառազինությունների ինստիտուտի հետախուզության եւ վերլուծության բաց աղբյուրների հարցերով տնօրեն Ջեյմս Բիրնը: «Շատ հնարավոր է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը պատրաստի կոմերցիոն ապրանքներ է ներկրում՝ դրանց մասերի բաժանելու համար»։
Կենցաղային իրերի նշանակման վերջնական կետի եւ օգտագործման գնահատումը բարդ է: Հայաստանը, Ղազախստանը եւ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, իսկ դա նշանակում է, որ նրանց միջեւ մաքսային սահմաններ չկան։ Եվրոպական ընկերությունները, հնարավոր է, չցանկանան ապրանքներ ուղարկել անմիջապես Ռուսաստան, նույնիսկ եթե նրանց արտադրանքը պատժամիջոցների տակ չէ: Նրանք կարող են նաեւ «չիմանալ», որ իրենց ապրանքները առաքվում են Ռուսաստան, ասում են հեղինակները։
Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ կենցաղային տեխնիկայի առեւտրի դեմ պայքարը դժվար է, քանի որ այդ ապրանքները եւ դրանց այսպես կոչված ենթաշեմային բաղադրիչները հաճախ չեն ընկնում պատժամիջոցների տակ: Սա այն դեպքում, երբ ԵՄ-ն վերջերս նոր լիազորություններ է ներկայացրել, որոնք թույլ են տալիս պատժամիջոցներ կիրառել միության մեջ չմտնող կազմակերպությունների նկատմամբ, եթե նրանք օգնեն եվրոպական ընկերություններին խուսափել սահմանափակող միջոցներից:
Ղազախստանը խոստացել է պատժամիջոցները շրջանցելու հարցում չօգնել Ռուսաստանին, եւ որեւէ ապացույց չկա, որ կառավարությունը օգնում է Մոսկվային այդ հարցում։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղազախստանի պաշտոնյաները չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։





























