Իտալիայի ԱԳՆ-ն անհանգստացած է սննդամթերքի հետ կապված իրավիճակով, ինչը պայմանավորված է «պարենային գործարքի» վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշմամբ։

«Դա նշանակում է խլել աղքատության մեջ ապրող միլիոնավոր մարդկանց սնունդը», - Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ մեկնաբանելով «պարենային գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը՝ Սեւաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, Կիեւը ահաբեկչական գործողություն է իրականացրել Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում էին Սեւաստոպոլի բազայի արտաքին եւ ներքին ճանապարհների վրա։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ահաբեկչության նախապատրաստումն ու ուկրաինական ծովային գործողությունների 73-րդ հատուկ կենտրոնի զինվորականների վերապատրաստումն իրականացվել է բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ։ Ավելի ուշ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ անարդար է դատապարտել Ռուսաստանին «պարենային գործարքից» դուրս գալու համար, քանի որ այն պայմանավորված է Ուկրաինայի իշխանությունների անխոհեմ գործողություններով։