Եվրոպայի թուլացումը հակասում է Անկարայի տնտեսական շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցությունը հասել է վերջին 30 տարվա գագաթնակետին, եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ պատերազմը լուրջ բեկումնային պահ է դարձել։

«Արդեն խոսակցություններ կան մարտավարական միջուկային զենքի կամ զանգվածային ոչնչացման զենքի, այսպես կոչված «կեղտոտ ռումբերի» կիրառման մասին։ Կարելի է խոսել համաշխարհային ճգնաժամի պարույրի մասին։ Կան բազմաթիվ ճգնաժամեր, որոնք սնում են միմյանց: Խորանում են գլոբալ խնդիրները, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամը, համաշխարհային գնաճը, բնապահպանական խնդիրները, ահաբեկչությունը, իսլամաֆոբիան, անօրինական միգրացիան, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմները, հեղաշրջումները, այլատյացությունը»,- ասել է նա։

Այսօր Եվրոպայի կենտրոնում «կոնվենցիոնալ պատերազմ» է, կարծում է Չավուշօղլուն։ «Եթե մենք եվրոպական մայրցամաքի մաս ենք, մենք՝ որպես տարածաշրջանային ուժ եւ համաշխարհային դերակատար, պետք է նպաստենք այս մայրցամաքի ճգնաժամերի հաղթահարմանը։ Եվրոպային քննադատելու շատ պատճառներ կան՝ երկակի ստանդարտներ, կեղծավորություն, անհեռատեսություն, կարելի է ավելին հաշվել։ Բայց Եվրոպայի՝ որպես մայրցամաքի թուլացումը ձեռնտու չէ Թուրքիային, դա հակասում է մեր տնտեսական շահերին։ Եվրոպայի կայունությունը կարեւոր է բոլորիս համար»,- ասել է Չավուշօղլուն։