ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավասարակշռությունը կորցրել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հունիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, երբ վերջինս հերթական անգամ օգնություն է խնդրել։

NBC News-ի հաղորդմամբ՝ հազիվ է Բայդենը ավարտել Զելենսկիին ասելը, որ ինքը հենց նոր հավանություն է տվել 1 միլիարդ դոլարի ռազմական օգնությանը, երբ Ուկրաինայի նախագահը սկսել է թվարկել ամբողջ լրացուցիչ օգնությունը, որի կարիքն ունեցել է, բայց չի ստացել:

«Ամերիկյան ժողովուրդը բավականին առատաձեռն է եղել, իսկ վարչակազմն ու ԱՄՆ-ի զինվորականները քրտնաջան աշխատել են Ուկրաինային օգնելու համար»,- ասել է Բայդենը՝ բարձրացնելով ձայնը, այնինչ Զելենսկին կարող էր մի փոքր ավելի երախտապարտ լինել, հաղորդում է NBC-ը՝  հղում անելով աղբյուրներին։

Վարչակազմի ներկայացուցիչները վստահեցրել են, որ Բայդենի եւ Զելենսկու հարաբերությունները բարելավվել են հունիսին կայացած հեռախոսազրույցից հետո, որից հետո Զելենսկին հայտարարություն է տարածել՝ գովաբանելով ԱՄՆ-ին առատաձեռն օգնության համար: Սակայն այս միջադեպը արտացոլում է Բայդենի ավելի վաղ գիտակցումը, որ ինչպես Կոնգրեսի, այնպես էլ հասարակության՝ Ուկրաինային միլիարդավոր դոլարներ ուղարկելու աջակցությունը կարող է սկսել թուլանալ։

Այժմ Բայդենը բախվում է որոշ հանրապետականների եւ դեմոկրատների դիմադրությանը, որը չկար Ուկրաինային հատկացվող  օգնության նախորդ փաթեթների հաստատման ժամանակ։ Միջանկյալ ընտրություններից հետո խորհրդարանական նստաշրջանի ժամանակ Սպիտակ տունը քննարկել էր Կոնգրեսից միլիարդավոր դոլարներ խնդրելու հարցը։

Սպիտակ տունը հրապարակայնորեն չի նշել գումարի չափը: Օրենսդիրներն ու ուկրաինացի լոբբիստները 40-60 միլիարդ դոլարի գումարի  հույս ունեն, իսկ քննարկումներին ծանոթ որոշ պաշտոնյաներ ակնկալում են, որ այդ թիվը կկազմի շուրջ 50 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացնում են, որ առաջիկայում պատերազմի ավարտի ոչ մի նշան չկա: