Ջո Բայդենի վարչակազմն այս պահին չի պատրաստվում «ժամանակ վատնել» Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու փորձերի վրա՝ «հաշվի առնելով ցուցարարների նկատմամբ ճնշումները, Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին Իրանի աջակցությունը եւ միջուկային ծրագրի նկատմամբ Իրանի դիրքորոշումը»,- ասել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին, հայտնում է Axios-ը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցություններում ոչ մի առաջընթաց չկա այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները մերժեցին ԵՄ առաջարկը եւ լրացուցիչ պահանջներ առաջադրեցին օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին: Նա նշել է, որ դրանից հետո Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել, եւ «Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի աջակցության մասին ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվել»: Մելլիի խոսքով՝ Բայդենի վարչակազմն այժմ կենտրոնացած է այս երկու հարցերի վրա։

Բայդենի վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա վերջերս Axios-ին ասել է, որ միջուկային բանակցությունների հարցում Սպիտակ տան դիրքորոշումն ավելի է կոշտացել:

«Թեհրանի արձագանքը ցույցերին, զուգորդված Իրանի աջակցությամբ Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում, հիմնովին փոխել են իրավիճակը, եւ, հետեւաբար, նույնիսկ եթե Իրանն այսօր վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ ասի, որ ցանկանում է միջուկային համաձայնագիր, ԱՄՆ-ը դժվար թե առաջ շարժվի»:

Պաշտոնյան հավելել է, որ վարչակազմն արդեն նայում է իրավիճակին այնպես, կարծես միջուկային գործարք չկա, եւ քայլեր է ձեռնարկում, որ ԱՄՆ-ը պատրաստ ռազմական տարբերակ ունենա։

Մելլին ասել է, որ Բայդենի վարչակազմը չի հրաժարվել Իրանի միջուկային հարցը լուծելու դիվանագիտական ճանապարհից, սակայն նշել է, որ նախագահ Բայդենը «պատրաստ է ռազմական միջոցներն օգտագործել որպես ծայրահեղ միջոց, որպեսզի «կանխի» Իրանին կողմից միջուկային զենքի ձեռքբերումը»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է կենտրոնանալ պատժամիջոցների եւ ճնշման այլ գործիքների կիրառման վրա։ «Չկա մի բան, որը մենք չենք անի, քանի որ մտածում ենք ապագայում հնարավոր միջուկային գործարքի մասին։ Մենք մեր ձեռքերը չենք կապում»,- ասել է նա։