Ռուսաստանի համար ավելի հեշտ է վերահսկել Սեւ ծովի ջրավազանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու պատճառները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեզ համար ավելի հեշտ է վերահսկել Սեւ ծովի ավազանը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ընտրությանը, որպես մատակարարումների հնարավոր հանգույց, այս դեպքում՝ դեպի Եվրոպա, ապա ինձ թվում է հասկանալի է, թե ինչու ենք մենք դա անում, ինչու ենք դա առաջարկել։ Որովհետեւ շատ դժվար է ուղղակիորեն աշխատել եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա հստակեցրել է, որ Ռուսաստանին թուրքական կողմի հետ ավելի հեշտ է աշխատել, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «իր խոսքի տերն է»։ «Եվ եթե մենք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում ենք, կարող է դժվար լինել պայմանավորվելը, բայց եթե պայմանավորվել ենք, ապա ձգտում ենք կատարել»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ թուրքական գազային հանգույցն իրատեսական նախագիծ է, որը կհաջողվի բավականին արագ իրագործել։ «Դրանում որեւէ կասկած չկա... Համոզված եմ, որ պայմանագրերը կկնքվեն։ Որեւէ կասկած չկա։ Եվ, ի վերջո, մենք կարող ենք եվրոպական երկրներին օգտագործել որպես տարանցիկ երկրներ՝ աշխարհի այլ տարածաշրջաններ առաքումների համար։ Բայց ես չեմ կասկածում, որ Եվրոպայում նույնպես շատ մարդիկ կլինեն, որոնք դա կցանկանան»,- ընդգծել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կտեսնի «ինչ տեղի կունենա այս ձմռանը» եւ հաջորդ ձմռանը։
Հոկտեմբերի կեսերին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հանձնարարել են մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսք»-ից Սեւ ծովի տարածաշրջան եւ Թուրքիա տեղափոխել։ Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։ Պուտինը նաեւ ասել է, թե կասկած չկա, որ թուրքական հանգույցով գազի գնման պայմանագրերը կկնքվեն, ցանկացողները քիչ չեն լինի նաեւ Եվրոպայում։





























