Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը վաղուց է առաջարկել Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ, սակայն Հայաստանը չի համաձայնել, իսկ Ադրբեջանի նախագահն անկյուն էր քշված եւ նրան այլ լուծում չէր մնում բացի ուժայինից:
«Ժամանակին, երբ մենք հերթական անգամ նախագահում էինք ՀԱՊԿ-ում, ես այդ հարցով զբաղվեցի։ Ես գնացի Իլհամի մոտ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) և ընկերական զրույց ունեցա նրա հետ»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։
«Եվ ես նրան կատակով հարց տվեցի. «Իլհամ Հեյդարովիչ, լավ, պետք է Հայաստանին օգնել, եթե համաձայն ես» Իսկ խոսքը հինգուկես կամ վեց շրջանների մասին էր՝ ադրբեջանական շրջանների, որոնք, ինչպես իրենք էին հայտարարել, գրավել էին հայերը։ Հայերը խոստովանել են, որ «սա մեր հողը չէ, ադրբեջանական է»։ Բացի Ղարաբաղից։ Դե, ուրեմն վերադարձրու դրանք: Եվ եթե, երբ ես առաջարկեցի դա անել, այդ տարածքները վերադարձվեին, պատերազմ չէր լինի։ Իլհամը այս պատերազմը սկսելու մոտիվացիա չէր ունենա. դե, դու խնդրել ես շրջանները, վերադարձրել են: Մնում է Ղարաբաղի կարգավիճակը, ինչը հանգիստ ռեժիմով կորոշեին։ Բայց ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ հետագայում Նիկոլ Փաշինյանը դրան չհամաձայնեցին։ Ես երկու անգամ բարձրացրել եմ այդ հարցը»,- ասել է Լուկաշենկոն՝ խոսելով խաղաղ կարգավորման իր առաջարկների մասին։
Նա նաև նշել է, որ այդ ժամանակ Ալիևին առաջարկել է հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որպեսզի վերջնականապես հաշտվեն և դա ցույց տան երկու երկրների ժողովուրդներին։ «Եվ ես հետո Իլհամին հարց տվեցի. «Լսիր, պայմանավորվեք, պետք է ինչ-որ կերպ օգնել Հայաստանին, որ ժողովուրդը տեսնի, որ դուք հաշտվել եք եւ այլն: Լավ, ինչքա՞ն կկարողանաս ներդնել Հայաստանում»։ Ասում է՝ նվազագույնը հինգ միլիարդ: Բայց գլխավորը՝ նրանք խողովակաշարեր են կառուցել, որոնք շրջանցել են Հայաստանը: Իսկ Իլհամն առաջարկում էր այս գազատարներն ու նավթամուղերը Հայաստանով անցկացնել։ Նա ասաց. «Ինչո՞ւ պետք է Վրաստան անցկացնեմ, Հայաստանով կանցկացնեմ: Դա մեզ ձեռնտու է»: Եվ դեպի Թուրքիա, եւ դրանից դուրս: Ձեռնտո՞ւ է: Այո, ձեռնտու էր»,- ասել է Բելառուսի նախագահը։
Միաժամանակ նա նշեց, որ իր առաջարկները 10 տարի չեն իրականացվել։ «Եվ ի՞նչ. Ադրբեջանի նախագահին անկյուն էին քշել: Նրան ոչինչ չէր մնում, քան ուժ կիրառել։ Անհնար էր այլեւս ձգձգել: Ավելի քան մեկ միլիոն փախստականներ լարվածություն էին ստեղծում, սա է խնդիրը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերջապես գալ խնդրի խաղաղ լուծման։ «Հիմա եթե պայմանավորվել եք, պետք է վերջնականապես հաշտվել: Եվ այստեղ պետք չի ինչ-որ բաներ հորիներ... Ինչ-որ տեղ լեռներում, ինչպես ինձ ասացին, բաժանում են այդ սահմանը: Ի՞նչ սարեր։ Դե համաձայնեք: Որպեսզի ազատ անցում լինի դեպի Նախիջեւան: Այսօր կարծես Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել են, առայժմ: Այդ գործընթացն այնտեղ ապահովում է Ռուսաստանը։ Ինչո՞ւ հիմա իրար սպանել։ Գրեթե 300 մարդ է զոհվել, և դեռ ինչ-որ քան են քննարկում։ Պետք է հանգստանալ և պայմանավորվել»,- ասել է Լուկաշենկոն։











