Ադրբեջանն անտեսում է օբյեկտիվ իրողությունները՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է եւ հաշվի չառնելով այն փաստը, որ Ղարաբաղը հազարավոր տարիներ եղել է հայկական պետության կազմում։ Այս մասին նոյեմբերի 1-ին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց ՀԳԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։
Նրա խոսքով՝ 5-րդ դարից մինչեւ 1813 թվականը Ղարաբաղն ունեցել է համեմատաբար անկախ պետական կազմավորման տարբեր ձեւեր, մինչդեռ Ադրբեջանը 100 տարեկանից մի փոքր ավելի է, որից 70-ը ԽՍՀՄ կազմում էր։
Նա հիշեցրեց, որ 1813 թվականին Ղարաբաղը մտավ Ռուսաստանի կազմում, եւ այդ ժամանակաշրջանից հետո հայ բնակչությունը գերակշռեց, եւ Շուշին ի վերջո դարձավ հայերի հոգեւոր եւ մշակութային կենտրոն։ «Ռուսական կայսրության փլուզումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո նրանք ամեն կերպ փորձեցին Ղարաբաղը ներառել նորաստեղծ Ադրբեջանի կազմում, բայց նա հերոսաբար դիմադրեց եւ չդարձավ անկախ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մաս։ Խորհրդային տարիներին Ղարաբաղը դարձավ ինքնավար մարզ, իսկ Միության փլուզումից հետո սկսվեց Ղարաբաղի համար նոր պայքար, որն ավարտվեց 1990-ականներին նոր պետության՝ ԼՂՀ-ի ստեղծմամբ»,-հավելեց Սուվարյանը։
Ակադեմիկոսը հիշեցրեց, որ վերջին ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան գրավեցին Ղարաբաղի զգալի մասը եւ վտանգ ստեղծեցին մնացած հատվածի համար։
Ըստ ակադեմիկոսի՝ Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում գերակայությունն է։
Այս առումով Սուվարյանը մատնանշեց նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում Ղարաբաղի վերականգնման եւ բնակչության անվտանգության ապահովման կարեւորությունը։





























